Back to all Post

ՄԵՐ ՏՐԱԳԻԿՈՄԻԿ «ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄ «ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մանկությունս ու պատանեկությունս անցել են Թիֆլիսում` «Հայարտանը»: Ծնվել եմ 1936 թ. հունվարին թատերական գործչի ընտանիքում: Սկզբում հայրս Պատանի հանդիսատեսի հայ թատրոնի տնօրենն ու թատերական նկարիչն էր, իսկ թատրոնի հրդեհից հետո` Հայկական դրամատիկական թատրոնի տնօրենը:

Իմ բոլոր առաջին մանկական բառերին գումարվեց նաև «ֆինբաժինը»: Երվանդ պապս «կաշվի դերձակ» էր, աշխատում էր տանը, ինչը «սովետական օրենքներով» խսորեն հետապնդվում էր: Պատժող մարմինը «ֆինբաժինն» էր: Սակայն, հակառակ «համընդհանուր վախի», մարդիկ համախմբված էին, և չկար դավաճանություն: «Ֆինբաժնի» այցի հետ «կաշին» ցրվում էր «Կորգանովների» երեքհարկանի տնով մեկ: Թերևս, վերադառնանք «իշխան Յուզբաշևի տունը»` «Հայարտուն»:

Մենք ապրում էինք փոքր հյուրասենյակում, որտեղ գոյում էին նաև իմ նախնիների «հոգիները»` մշտապես անհանգստացնելով ինձ: Այդ «վիճակին» ինձ պատրաստել էր մայրս` միշտ փառաբանելով մոտ անցյալում այս աշխարհից հեռացած նախնիների վեհությունը: «Մեր սենյակում» պատանեկությանս տարիներին մայրս հաճախ էր լսում Չարենցի ու Փափազյանի ելույթները: Սունդուկյանն ու Շիրվանզադեն շախմատ էին խաղում: Ավելի ուշ հորս այցելում էին Հր.Ներսիսյանը, Վ.Փափազյանը, Գ.Ջանիբեկյանն ու հայ բեմի գրեթե «բոլոր կորիֆեյները», գրողներ, քննադատներ:

Այդ միջավայրն է ձևավորել «խղճիս կանոնադրությունը» և հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա, ինչպես նաև իմ մանկության հիշողությունների մշտապես «փայլատակումները». առավոտյան զուգարանից հետո Երվանդ պապիս կողմից «նստատեղի մաքրումը» Իլյիչի դիմանկարով կարմիր տասանոցով և 1937 թ. աքսորված մյուս պապիս՝ Հակոբի մասին մշտական խոսակցությունները:

1956 թ., Թիֆլիս: Դերասանական ու ռեժիսորական կրթություն, նկարչական կուրսերի այցելում Գեղարվեստի Ակադեմիայում «Գուլագից» նոր «ազատության» արձակված պրոֆեսոր Վասիլի Շուխաևի ղեկավարությամբ: Այդ տարիները եղել են իմ ինքնաորոնման տարիներ գեղանկարչության և քանդակագործության մեջ, ինչպես նաև թատրոնում: Ազդվելով Մեյերհոլդից` ես փնտրում էի իմ ուղին, բայց, ցավոք, ամբողջատիրական վարչակարգի դարաշրջանում, երբ մարդը մշտապես գտնվուն էր րեպրեսիվ հասարակության շրջապատում, «ելքի» և «ինքնակայացման» փնտրտուքը միայն «պատրանք» էր: Ինձ այցելում էին Ջիոտտոն (Գևորգ Գրիգորյանը), երբեմն, Թիֆլիս ժամանելիս, նաև Քոչարը: Այդ տարիները խռովարարության ու ինքնակայացման տարիներ էին:

Ծնվում է առաջին կոնցեպտուալ ստեղծագործությունը` «Ատամի խոզանակներից, սպիտակեղենի խոզանակից, զանազան պարֆյումերային պիտույքներից բաղկացած կոմպոզիցիան»:

1966 թ., Երևան: Գեղարվեստի ֆակուլտետ` հաճախակի հանդիպումները Մինասի, Իգիթյանի, Քոչարի հետ, հիացմունքը հանճարեղ Արշիլ Գորկու արվեստով ընդլայնեցին իմ հորիզոնները: Այդ ժամանակահատվածում ստեղծում եմ «պոպարտի» գեղագիտությամբ գործերի շարքը` «Մարդը տարածության մեջ» խորագրով, որոնք մեկ տարի անց ցուցադրվեցին  Նկարչի տան երկօրյա ցուցահանդեսում և հսկայական վիճաբանություն հարուցեցին:

Ոչ պակաս նշանակալի և կտրուկ էին նաև Իգիթյանի ելույթները այդ սարսափելի ժամանակաշրջանում: Քոչարի, Մինասի և մի խումբ նկարիչների հետ համատեղ ձևավորվում է ժամանակակից հայ արվեստը` համաշխարհային ստանդարտների համատեքստում: Իգիթյանի արժանիքները այդ գործում հանրահայտ են: 1972 թ. Երևանում իր ջանքերով ստեղծվում և բացվում է Ժամանակակից արվեստի թանգարանը:

Մինասը` մեծ վարպետ, փիլիսոփայական էությամբ խորհրդանիշի՝ «գույն-նշանի» վարպետ: Երվանդ Քոչարը` հայ ժամանակակից արվեստի «հայր»-փիլիսոփա, նշանավոր քանդակագործ ու գեղանկարիչ, Փարիզում 1933 թ. ստեղծած «գեղանկարչությունը տարածության մեջ» ուղղության նախահայր: Քոչարը այն զորեղ ժամանակաշրջանի կենդանի մարմնավորումն էր, որը  բոլորիս անուրջն էր: Իր անձի գոյաբանությունը բոլորիս համար գաղափարների նվիրվածության փայլուն օրինակ էր: Նա մեզ քաջալերում էր այդ «սարսափելի ժամանակաշրջանում» իր գոյությամբ` հետևում ունենալով 1937 թ. ու երկու տարվա կալանքի փորձը:

Հանուն արդարության հարկ է ընդգծել, որ անցյալի բոլոր «սարսափները» անընդհատ թափանցել են որպես «անեծք» և թափանցում են առ այսօր: Դրա ապացույցն է իմ բացակայության ժամանակ արվեստանոցիս «թալանումը» այսպես կոչված որդուս կողմից` մտերիմներիս ու հարազատներիս  «ամոթալի» դավաճան լռությամբ: Այդպիսի «ակցիայով» տոնվեց իմ 60-ամյակը Երևանում:

Իմ բոլոր «պերֆորմանսները», ինչպես և «գեղանկարչություն գումարած քանդակագործություն ժամանակի և տարածության մեջ» համակարգը, գոյում են արվեստի հայեցակարգային հարացույցի սահմաններում:

«Գեղանկարչություն գումարած քանդակագործություն ժամանակի և տարածության մեջ» համակարգը ես ստեղծեցի 1970 թ. Մոսկվայում` չունենալով Քոչարի փորձը: Իմ համակարգ ներմուծեցի «ժամանակը» որպես պատճառակցական սուբստանց և հարմարեցրի տարածության ժամանակակից հասկացությանը: Համակարգի էությունն է մեկ կամ մի քանի մոդելների շարժումը տարածության մեջ, որտեղ համագործակցում են երեք կատեգորիաներ (=կարգեր)` գույնի արագությունը, ձևի բաբախումը, ձևի փոխակերպումը:

Գործընկերներիցս շատերը չեն խիզախում խոստովանել ավանդույթների ժառանգորդության փաստը, որ բնականոն է շատ ժողովուրդների համար:

Ես հիանում եմ իմ պատանի  գործընկերներով և անընդհատ աճող երիտասարդ նկարիչների սերնդով: 2003 թ. Երևանում` «Հենրի  Էլիբեկյանի պատկերասրահում» ես ներկայացրեցի «Համլետը` Համլետ չէ կամ վրեժխնդրություն հոր համար» պերֆորմանսը, նախագիծը նվիրելով երիտասարդ սերնդին ի դեմս արվեստագետներ Գրիգոր Խաչատրյանի, Արման Գրիգորյանի, Նարեկ Ավետիսյանի և շատ ուրիշների:

2005թ., տպագրվում է առաջին անգամ

henryelibekyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։