Back to all Post

ՀԱՏՎԱԾՆԵՐ  «ԳՈՒՅՆԵՐՈՎ ԹԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՌՅՈՒԾԸ» ՀՈԴՎԱԾԻՑ

Ռուբեն Անգալադյան

…Նա լի է թարմությամբ և տեմպերամենտով, ինչպես վաղ պատանեկության, այնպես էլ երիտասարդ տարիներին, երբ գլխակորույս ներխուժեց արվեստ (ոչ թե մտավ, ոչ թե ցատկեց, այլ հենց ներխուժեց), ինչպես որ` կյանք: Շատերին թվում էր, որ չարաճճի է, խենթ, բայց նա` մտախոհ և խանդավառ, ագահորեն բացահայտում է կյանքը, ինքն` իրեն այս աշխարհում,  շատ չնայելով կողքերը:

Ստեղծագործողի միայնությունը® Ծննդյան պահից մինչև այսօր: Նա ինքնահաստատվում է` չընդունելով նախ թիֆլիսյան աշխարհը իբրև ոճ, հետո` հայկականը իբրև աշխարհազգացողություն, այնուհետև` խորհրդայինը իբրև աշխարհընկալում, և վերջապես կոսմոպոլիտը` իբրև անհատականությունը բացառող: Նման նկարիչների ներաշխարհում հաստատակամությունը և ժխտողականությունը ապրում են միաժամանակ…

Հենրի Էլիբեկյանը դժվար ապրող, դժվար էլ յուրացվող նկարիչներից է, չնայած իր տաղանդը ակնհայտ է: Նա միաժամանակ անկաշկանդ ու կաշկանդված մարդ է, (բարդույթներից ազատ և մեծապես բարդույթավոր), նա, իր բազմադեմ ստեղծագործության յուրաքանչյուր  պահին կշռադատված է և տոգորված անզուսպ զգացմունքներով:  Եթե 20-րդ դարի արվեստում նա ունի անգամ իր համանմանը, ապա դա Ժորժ Հրաշալին է` Գեորգի Յակուլովը: Հենրի Էլիբեկյանի ստեղծագործ էության բազմազանությունն արդեն ակնհայտ էր իր ուղու հենց սկզբում…

 Թատրոնը` ամբողջ կյանքի ուղեկից: Բայց գեղա-նկարը` առաջին հերթին: Բնատուր արտիստիկ շնորհը (ոչ պարզապես վարքագծի, այլ իր մարդկային էության առումով) իր հոգում ապրում էր, ապրում և պետք է ապրի մինչև կյանքի վերջին բաբախյունը: Արդյո՞ք դա կամակորություն է, էպատաժ, թե` մեզ բոլորիս ֆոնի տեղ դնելու մտայնություն: Ղեկավարելով կյանքի բեմը, վարվելով մարդկանց հետ որպես դերասանների, մանեկենների, խամաճիկների և մուլյաժների, ներկայացնելով  իրադրություններ, հայտարարքներ, վեր հանելով ճղճիմ առօրյայի պիտույքները,  կենցաղային անպաճույճ իրեր, և այս ամենը խորհրդանիշի բերելով, մոգական նշանների վերափոխելով, ամբողջությամբ գնալ-խորանալ այդ հեռուն`  ներկայացնելով բեմականացում` այդպիսին է Հենրի Էլիբեկյանը:

Արտառոց լինելը և բուռն խառնվածքը, ակնթարթորեն ագրեսիվ, անգամ թշնամական դիրքորոշման վերածվող հաստատակամությունը ի ծնե վանել և վանում էին մարդկանց: Հատկապես դա վերաբերում էր գեղարվեստի ասպարեզի շուրջ պտտվող միջակություններին: Բայց ի՞նչն էր վատ ստեղծագործողի հաստատակամության, իր սկզբունքայնության և հափշտակվածության, դեպի արվեստի ուժը իր անձնվեր հավատի մեջ: Ի՞նչ վատ է, երբ ստեղծագործողն, ասես, համազարկով, ընդունում է գաղափարը, զրուցակցին և ցանկացած հարցի տալիս է իր ուրույն պատասխանը:

Այստեղ է իր ողբերգությունը և միայնակությունը, որոնք նա կրում է, և կրում արժանապատվորեն, ինչպես և վայել է ուժեղ ու աննկուն մարդուն: Այս ամենը ես գրում եմ իմ  էսսեում, որպեսզի ցույց տամ Հենրի Էլիբեկյանի ամբողջական, ինքնաբավ գեղարվեստական էությունը: Այդպիսին էր վաթսունականցիների մեծամասնությունը: Կոտրվելու, ծախվելու, ուղղակի դավաճանելու գայթակղությունները քիչ չէին, բայց նրանք հավատարիմ մնացին և իրենք իրենց, և իրենց դժվար ճանապարհին, և որոնումների անկեղծ ուղուն, որ շոշափում էին ոչ միայն ինտուիտիվ կերպով, բայց և փակուղու առաջ կանգնելու, երկրորդական, գավառական դառնալու մեծ ռիսկին դիմելով…

Ես չեմ տեսել, թե ինչպես է նկարիչն արարում իր կտավները, սակայն կարող եմ ենթադրել, որ դիմա-նկարները նա պետք է որ նկարի արագ, մեկ սեանսում, քանզի դրանցում առկա է կենաց կայծը, իմաստավորման հավերժ բաբախող մի ինչ-որ էներգիա, հոգեբանական փնտրտուք… Այդ բռնկումը առաջացնում է նկարչի մետաֆիզիկական ալեկոծումների ասոցիատիվ շղթան: Իր վրձնած հերոսների հանդեպ նկարչի վերաբերմունքը չափազանց անձնական ու կոնկրետ է: Հենրիի համար մարդու կերպարը իր իսկ կենսակերպն է` իր բարձրագույն ծառայությունը արվեստին: Մեկ այլ մոտեցում նա չի ընդունում: Իր դիմանկարներում և վերացական նկարներում ներդրված է վիթխարի էներգետիկա: Երկու դեպքում էլ առկա է հոգեբանական խոր ճեղքվածք, իր աշխարհը ներքուստ բզկտող մի հակասություն: …Հենրիի  խառնվածքում` զրուցակցի որոնման ընթացքում իր լարվածությամբ, զգուշավորությամբ, մարդկանց կարծիքի հանդեպ իր հոռետեսությամբ և արտառոց հակազդումներով հանդերձ, նա կա ու կմնա ռոմանտիկ, որը վստահում է և հիասթափվում միևնույն ժամանակ: Եվ այդպես է լինելու միշտ…

henryelibekyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։