Հենրի Էլիբեկյան
«Ժեստ»` ներքին ինքնազգացումն ու խորքային կառուցվածքներն արտահայտող մարմնի շարժում. «զսպված կոնֆլիկտը» խորհրդանշային ձևով արտահայտող ֆիզիոլոգիական հակազդումների ամբողջություն:
«Ժեստ»` յուրատեսակ «տեքստ»: «Ժեստ»` սեփական բազմաշերտ կառուցվածք ստեղծող իրականության այլևայլ շերտերը մեկ ամբողջության մեջ միավորող նշան, խորհրդանիշ:
Ռեֆլեքսիայի բնույթն ու մեխանիզմները պայմանավորվում են մարդկային հոգու խորքային շերտերում ու գաղտնարաններում թաքուն կատարվող գործունեության մի քանի ակտերի կապով:
«Ժեստ»` հոգու ռեֆլեքսիա:
«Ժեստ»-ը ձեռքի դաստակից փոխանցվում է «մարմնին»` հետևելով իր վարքագծին, ինքնաճանաչմանը, «մարմինը» վերարտադրում է որոնում` ուղղություն տալով դաստակին, բացահայտելով իր բնազդականը ստեղծագործության մեջ: Մարմինն է, որ դրսևորում է իրեն անգիտակցական նյութականի` անզուսպ երևակայության ալեցայտքում, իր անվերջ ծայրաստիճան դժվար ինքնաշխարհում:
«Մարմնային»-ի` «Ժեստ»-ում, Ֆրոյդը գտնում է մեր խնդիրների աղբյուրը, կրքերի անմար հրաբուխը:
Վերոշարադրյալը բացահայտում է գործունեության գաղտնի, իռացիոնալ, տրանսցենդենտալ մեխանիզմները, որոնք խորը թաղված են իր նկուղներում ու գաղտնարաններում:
Կրքերի տենչով ու լիբիդոզ ազդակների հասնող անզուսպ ցանկություններով փոթորկված նկարիչը գլուխը պատռելով նետվում է «ճշմարտություն»-ը փնտրելու` աշխատանքի ընթացքում միաձուլելով իրականության բազմազան պլանները մեկ ամբողջության մեջ և ստեղծելով բազմաշերտ կառուցվածք:
2003 թ. Երևանում ես ներկայացրեցի «Համլետը` Համլետ չէ կամ վրեժխնդրություն հոր համար» նախագիծը, որը նվիրեցի Նարեկ Ավետիսյանին, Արման Գրիգորյանին, Գրիգոր Խաչատրյանին և բոլոր երիտասարդ նկարիչներին: Նախագիծը բաղկացած էր հետևյալ մասերից` նկարների «պատրաստում» ատրճանակի կրակոցների եւ որսորդական դանակի օգնությամբ, «օմլետի» պատրաստում դդմիկներով և «մետաղական գնդերիթներով», տեսապրոյեկտ (Ավետիսյան, Գրիգորյան, Խաչատրյան): Նախագծում Համլետը (Ամլետ` հերոսի նախատիպը) վերածվեց «Օմլետի»` անհեթեթություն, որն արտահայտում է մեր գիտակցության, մեր խիստ անգիտակցության ու անհասկանալի աշխարհի անմտությունը, նրա խամրածությունն անճանաչելիի ու անասելիի բնազդայնության առջև:
Մեր էությունը, մեր ուղեղը զուր է փորձում գիտակցել տեղի ունեցողը:
Սատանայականությունը, բարոյալքումը, «դավաճանությունը»` այս և այլատիպ «Ժեստերը», դարձել են «սահմանված կարգ» մեր հասարակության մեջ:
«Որդին» դավաճանում է հորը, «եղբայրը` եղբորը», «ընկերը` ընկերոջը». մեր իրականության մեջ ռեալ իրավիճակներ են, երբ մարդկային գոյությունը դառնում է անտանելի և գերակշռող գոյաձևն է դառնում նիհիլիզմը, սկեպտիցիզմը, հասարակական իդեալի և կյանքի իմաստի կորուստը:
Ստեղծագործությունը հոգու ռեֆլեքսիան է, այսինքն` «մարդն» է, «հոգին», հոգևորը` մարդկային գործունեության միակ իրական կերպն է, որի ընթացքում նրանք վերարտադրում են «բաների» իմաստը:
…«Մարդը» ավելի վեհ իմաստով «կոլեկտիվ մարդ է»` մարդկային անգիտակցական հոգեկան աշխարհի շարժիչն ու դարբինը: Սա իր սոցիալական դիմակն է, այն երբեմն այնքան ծանր է, որ նկարիչը ստիպված է զոհաբերել իր երջանկությունն ու այն ամենը, ինչ կազմում է հասարակ մարդկանց կյանքի իմաստը (Կ.Յունգ):
2003 թ.