Լիլիթ Սարգսյան
2002 թ. մայիսի 17-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու) երևանյան մտավորականությունը կրկին հանդիպեց Հենրի Էլիբեկյանի հետ:
Նրա իրականացրած նախագիծը նվիրված է թատրոնին` նկարչի խոսքերով` իր «հիվանդությանը», անդավաճան սիրուն, որին նա անդրադառնում է կրկին և կրկին` իր ոչ բուն թատերային ստեղծագործության մեջ միշտ տարբեր ձևերով մարմնավորելով թատերայնությունը: «Զրույցներ թատրոնի մասին: Տպավորություններ 3-րդ համաշխարհային թատերական օլիմպիադայից (Մոսկվա, ապրիլ-հունիս 2001թ.)»: Ահա նկարչի ներկայացման անվանումը:
Էլիբեկյանի վերջին տարիների նախագծերը բազմատարր են: Դրանք, որպես կանոն, զուգակցում են «նկար-օբյեկտային» մասը և գործողությունը (դա կարող է լինել պերֆորմանս, հեփնինգ, անգամ, ինչպես տվյալ դեպքում էր, դասախոսություն): Ընդհանուր առմամբ, դրանք ընկալվում են որպես միասնական արտիստիկ հայտարարքներ (ակցիաներ). դրանցում վառ, էքսպրեսիվ, երբեմն այլաբանորեն, իսկ երբեմն էլ աներկմիտ կերպով արտահայտվում է հեղինակի` իբրև արվեստագետի և ժամանակակից մարդու, դիրքորոշումը: Ու թեպետ ինքը` հեղինակը և մենք էլ նրա հետ, կոչեցինք գործողությունը «ցուցահանդես-դասախոսություն», բայց, այդուհանդերձ, այն ավելի էր նմանվում հայտարարքի` անկախ դասախոսության տեղեկատվական պարունակությունից:
«Զրույցներ…»-ը տեղի էին ունենում ժամանակակից թատրոնի 18 հռչակավոր գործիչների` նկարչի վերջերս ստեղծած դիմանկարների ֆոնի վրա: Նշված թատերական գործիչների ստեղծագործությունները ներկայացվել էին մոսկովյան Օլիմպիադայում: Դրանք են. Ջորջո Ստրելլերը, Պետեր Շթայնը, Դեկլան Դոնելլանը, Էյմունտաս Նյակրոշյուսը, Ռոբերտ Ստուրուան, Բորիս Էյֆմանը, Տադաշի Սուդզուկին, Ռոբերտ Ուիլսոնը, Վսեվոլոդ Մեյերհոլդը, Եվգենի Վախթանգովը, Ալեքսանդր Թաիրովը, Բերտոլդ Բրեխտը, Անտոնեն Արտոն, Եժի Գրոտովսկին, Պիտեր Բրուքը, Յուրի Լյուբիմովը, Լև Դոդինը, Անատոլի Վասիլևը:
Հատկապես ցանկալի կլիներ կանգ առնել դիմանկարների վրա: Առաջին հայացքից, նրանք կարող են մտացածին թվալ: Մոդեռնիստական ոգով այլակերպված կոլաժային պատկերներում իրական օբյեկտը կարծես անհետանում-տարրալուծվում է բացառապես հեղինակի երևակայության մեջ ծնվող զուգորդումների և զգացումների առաջացրած գունագծային հեղեղում: Այս դիմանկարաշարում, ինչպես և ավելի վաղ կատարած գործերում, Հ.Էլիբեկյանը նրբանկատորեն է հեռանում նախատիպի դիմագծերի ճշգրիտ վերարտադրումից. թատրոնի հռչակավոր գործիչների նկատմամբ հարգանքի տուրքը զուգադրվում է հեղինակի սուբյեկտիվ մտապատկերի հետ` քողարկելով, բայց, այդուհանդերձ, չանտեսելով նմանությունը: Դա ստեղծում է այս կամ այն կերպարի մեկնաբանման ընդհանրացված, ասոցիատիվ-պատկերավոր բանաձևը: Տեսիլքների պես, թատրոնի գործիչների դիմանկարները կտրուկ հայտնվում են չեզոք կամ գծագրային ֆոնի վրա: Եվ յուրաքանչյուր դեմք առանձնահատուկ է որոշակի վիճակում, որոշակի արտահայտությամբ, որն արձանագրում է առաջին հերթին ստեղծագործ անհատականության խառնվածքը, ապա և նրա դիմագծերը: Նկարների համար պատրաստի գծագրային ֆոն օգտագործելու` Հ.Էլիբեկյանի գայթակղությունը ծագել է դեռևս 1990-ական թվականներին, թեպետև առարկայի հանդեպ սերը իբրև ինքնաբավ, կիրառելիության համատեքստից արտամղված գեղագիտական ֆենոմեն, միշտ էր հատուկ նրան: Ներկայացված դիմանկարներից մի քանիսում գծագրերի հետքերը, ակոսելով դեմքը, ներխուժում են ուրվագծից ներս: Նկարչի խոսքերով, «գծագիրը, համապատասխանելով ժամանակակից տեխնիկական գեղագիտությանը, ինքնաարտահայտման համար ստեղծում է հատուկ դինամիկ միջավայր»:
Նախագծի մաս կազմող «զրույցներն», ըստ էության, ենթադրում էին մոսկովյան Օլիմպիադայի մասին նկարչի պատմությունը, բեմադրիչների գործերի վերլուծությունը: Հարկ է նշել թատրոնի հարցերում ցուցաբերած նկարիչ Հ.Էլիբեկյանի արհեստավարժությունը և խոր զննողականությունը:
®Իհարկե, Հ.Էլիբեկյանի ստեղծագործության թատերային ակունքները քաջ հայտնի են: Էլիբեկյանների գերդաստանում թատրոնի ունեցած դերը արվեստաբանական գրականության մեջ իր հատուկ բնորոշումն ունի: Սակայն Հենրի Էլիբեկյանի արվեստում թատրոնը որպես երևույթ արտահայտվում է առավել բարդ և այլաբանորեն, քանզի նկարչի համար այն ոչ միայն ստեղծագործական և գեղարվեստական, այլև հոգեբանական կատեգորիա է: Սկիզբ առնելով բեմանկարչությունից, այն կերպարանափոխվում է այլ սինթետիկ տեսակների, ընդհուպ պերֆորմանսների և հայտարարքների: Բանն այն է, որ նա թատրոնի հետ կապված էր վաղ հասակից` ծնողների աշխատանքի բերումով (Հենրին պատմում է, թե կարող էր լույս աշխարհ գալ թատրոնում): Հետագայում գումարվել են սեփական կենսագրության անցքերը: Թատրոնը նրա համար չիրականացված երազանք է, որին նա ձգտում է հասնել կերպարվեստի միջնորդությամբ: Նրա համար դա ոչ թե սոսկ նյութ է, այլ իր արվեստին բնորոշ սինթետիկ ստեղծագործությունների կարևորագույն բաղադրամաս: Նա օգտագործում է թատրոնին հատուկ տարրերը որպես իր ստեղծագործական մեթոդի տարրեր` լինեն դրանք մանեկեն-պերսոնաժներ հիշեցնող, այսպես կոչված, «փափուկ քանդակներ», թե թատերական դեկորացիաների հետ զուգորդվող համասարքեր (ասամբլաժ), այնուհետև` օբյեկտներ և ինստալացիաներ: Դա հատկապես ընդգծում է գործողությունների միջոցով իր մտահղացումները իրականացնելու` Հ.Էլիբեկյանի ձգտումը, որը թեպետ գենետիկորեն կապված է թատրոնի հետ, սակայն բուն թատերային չէ:
Դեռևս 1980-ականների սկզբներին Հ.Էլիբեկյանը սկսեց ցուցադրել իր պերֆորմանս-հայտարարքները: Նկարչի խոսքերով, «20-րդ դարի վերջի թատրոնը» պերֆորմանսների և հայտարարքների հսկայական նախագծի իր նախնական մտահղացումը ենթադրում էր դարձնել ճիշտ թատերական բեմադրության մի մաս: Եվ միայն հետագայում պերֆորմանսը Հ.Էլիբեկյանի արվեստում ձեռք բերեց ինքնուրույն նշանակություն:
Պերֆորմանսը` որպես արտիստական գործունեության հատուկ տեսակ, ամենևին էլ թատրոնից չի առաջացել: Ուսումնասիրողների և նկարիչների մեծ մասը հավաստում են, որ պերֆորմանսն արդյունք է կերպարվեստի ներքին կառուցվածքային փոխակերպումների, որպիսին թատրոնն ի սկզբանե չի հանդիսացել: Եթե բեմադրողը թատերական խաղի և այլ ատրիբուտիկայի կիրառմամբ մարմնավորում է որոշակի գրական-գեղարվեստական տեքստ, ապա նկարիչը պերֆորմանսի ընթացքում իր մարմնի, միջավայրի և առարկաների, հանպատրաստ դիտորդների ներգրավմամբ իրականացնում է բացառապես իր սուբյեկտիվ «տեքստը»:
Հ.Էլիբեկյանի արվեստում, որը ծնվում և ձևավորվում է էլիբեկյանական ձևով, պերֆորմանսը ի հայտ է գալիս ոչ թե պլաստիկ արվեստներից, այլ հակառակը` թատրոնից, որպեսզի հետագայում ձևավորվի իբրև ստեղծագործական ինքնուրույն տեսակ: Թատրոնի հարցերում Հ.Էլիբեկյանի արհեստավարժությունը նպատակային դրույթ է, պերֆորմանսին առավել գիտակցված մոտենալու երաշխիք է, անգամ եթե այն դառնում է անթաքույց էպատաժ:
Արվեստի պատմության մեջ հայտնի են շատ ավանգարդիստ նկարիչներ, ովքեր դիմել են պերֆորմանսին: Հ.Էլիբեկյանը վկայում է, որ հայտնի են եղել և այնպիսի նկարիչներ, ովքեր պլաստիկ արվեստներից են եկել թատրոն (օրինակ, Բոբ Ուիլսոնը): Դա, կարծում ենք, օրինաչափ է, և դրանով է արտահայտվում Աստծո կողմից մարդուն շնորհված ստեղծագործական կամքի անսահմանությունը, ունիվերսալությունը: Դրանում է թաքնված նաև արվեստների առանձին տեսակների սինթեզի, սահմանների փոխներթափանցման և վերացման միտումը: Այսպիսով է բյուրեղանում գլխավորը. ոչ թե կոնկրետ ո՞ր բնագավառում է արտահայտվել արվեստագետը, այլ այն, թե նա ի՞նչ է արել և ինչպե՞ս: Հենրի Էլիբեկյանը այն նշանավոր ժամանակակից արվեստագետներից մեկն է, որն արդեն գրեթե հինգ տասնամյակների ընթացքում միշտ ունեցել է նոր ասելիք և միշտ փնտրել ինքնաարտահայտման նոր մեթոդներ:
Հրապարակված է «Գոլոս Արմենիի»
թերթում, 28 մայիսի 2002թ.