Սեյրանուշ Մանուկյան
Դերասանի տանը բացվեց Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչված նկարիչ Հենրի Էլիբեկյանի անսովոր մի ցուցահանդես:
Այս ցուցահանդեսը նկարչի արձագանքն է մեր ողբերգական ժամանակին, անհավատությունից դեպի հավատ անցնելու մի կոչ, առանձնահատուկ մի նվիրում «ռեժիմի» զոհերին:
Նկարիչը գտնում է պատկերման նոր միջոցներ, ձևեր և ժանրեր իր զգացմունքների, գաղափարների և պատկերացումների արտահայտման համար: Գեղանկարչությունը, գրաֆիկան , կոլաժը, լուսանկարչական մոնտաժը, պոպարտը, ինստալացիան և ասամբլյաժը վերստեղծում են հոգեկան վակուումի այն մթնոլորտը, որի մեջ է հայտնվել մարդկությունը XXI դարի շեմին:
Ոտնահարված է ամեն ինչ` Քրիստոսը, եկեղեցին, հոտը: Մարդիկ` վանդակներում են: Նրանց մեջ են հայ կաթողիկոսներ Գևորգ Դ-ն և Գևորգ Ե-ն, ստալինյան հալածանքների զոհ Խորեն Ա-ն, երեխան, նկարիչը: Ճաղերի ետևում են մեր տաճարները և վանքերը: Արյունալի բաքոսատոնը համակել է ողջ երկիրը: Մարդկանց ուղեղները կաթվածահարված են, նրանց բերանները` խցանված, ուրվագծերը` այլանդակված: Մարդը փոխակերպվել է նողկալի մի արարածի` զոհն ու դահիճը` մեկ կերպարանքով, վեց զույգ աչքերով և ականջներով…
Միայն Հավատը կարող է փրկել հասարակությանը, բայց դրա համար պետք է մաքրվել, ետ բերել Աստծուն… Նկարչի հորինվածքներից շատերը կատարված են հաշվարկի խորհրդանիշ հանդիսացող արտադրական գծագրերի և քարտեզների վրա. գրեթե յուրաքանչյուր հորինվածքը` մի նոր հայտնագործություն է բովանդակային և ձևաստեղծման իմաստով:
Ասամբլյաժի տեխնիկայով կատարված ահռելի մեծության արտահայտիչ մի կտավ, ինստալացիաներով և գործող կենդանի մոդելներով հանդերձ, որը ցուցահանդեսի նախագծի իմաստային խտացումն էր, նկարիչը ավարտեց հենց հանդիսատեսի առջև` ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Այդ գործողությունը մարմնավորեց Հ. Էլիբեկյանի գլխավոր գաղափարը. «Անհավատությունից դեպի հավատ, ոգու սնանկությունից դեպի սեր և կարեկցանք»:
Հրապարակված է «Գոլոս Արմենիի» թերթում, 20 հունիսի 1998թ.